ՆՈՐ-ԱՅՐԻ <<Երգ՝ առանց մեղեդու>> գրքի շնորհանդեսը


    Հուլիսի 31-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճը, չնայած ամառվա տապին, մարդաշատ էր: Ընթերցասեր հասարակությունը հավաքվել էր մասնակցելու և ողջունելու մի նոր՝ <<Երգ առանց մեղեդու>> վերնագիրը կրող խոհափիլիսոփայական, սիրային, հայրենասիրական, հերոսության գովերգման, բնության զարթոնքի պայծառ երանգներով հագեցած բանաստեղծություներով լի գրքի ծննդին, որի հեղինակն էր իրավաբան-բանաստեղծ Նոր-Այրը /Նորայր Հակոբյան/:
Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ Ավ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը: Նախքան գրքի մասին խոսելը տիկին Կարապետյանը փաստեց, թե որքան հուզված էր օրվա հերոսը մինչ միջոցառման սկսվելը և մեջ բերեց հեղինակի սրտնեղությունը. <<Ասես ներկա պիտի գտնվեմ սեփական երեխայիս ծննդին>>- և իրոք սա ոչ այլ ինչ է, եթե ոչ հոգևոր զավակի ծնունդ: Այնուհետև, գիրքը ներկայացրեց խմբագիր, բանախոս, բանաստեղծ, լրագրող, հրապարակախոս Հակոբ Սրապյանը: Նա ներկայացրեց իրավաբան-բանաստեղծի ժողովածուն. <<Գիրք, որ իր անցնելիք ճանապարհի սկիզբն է խորհրդանշում և խոստանում ավելին, քանզի նրա հոգում հնչող ոգեղեն առողջ ղողանջները կտրում են ոգու սովի աղքատիկ, անդուր տարածքները և մտերմանում ընթերցողին: Հեղինակը արդարության խաչակիր է, նրա հայացքը թափանցում է իրողություների հատակը>>: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սահակյանը, իրավաբան Հովիկ Սուքիասյանը , իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Հասմիկ Մանուկյանը, ով վարչության կողմից հեղինակին հանձնեց գրիչ և հուշանվեր-քամանչա՝ մաղթելով, որ հեղինակի բանաստեղծությունները մեղեդու վերածվեն:
Ինչպես գրում է հեղինակը.
Լավագույն խաղը…
Պարն է ծառերի՝ քամու երգի հետ,
Ալիքն է ծովի՝ վաղ արշալույսին,
Գույների խաղն է՝ անձրևից հետո…..
Ահա բանաստեղծական ոգով ներշնչված այս գեղեցիկ երեկոյի ներկապնակն էլ ավելի հարստացավ դերասանուհիներ Գայանե Սամվելյանի, Արսինե Նավասարդյանի, դերասան Սարգիս Վարդանյանի կողմից բանաստեղծությունների յուրովի ընթերցմամբ: Շնորհավորական խոսքերից հետո իր երախտիքի խոսքը ընթերցողներին և հյուրերին հղեց հեղինակը՝ Նոր-Այրը,համեստորեն կրկնելով. <<ես գրող չեմ, եթե տա Աստված հույզերով լի կյանք, ապրումներ, մի քիչ էլ քիչ զայրույթ, վստահեցնում եմ ես դրանք կհանձնեմ թղթին, բայց ես գրող չեմ, ես իրավաբան եմ….>>
Գեղեցիկ միջոցառման թվացյալ ավարտին ընթերցողներին և հյուրերին Իսահակյան պուրակ բերեցին երաժիշտ-երգահաններ Վահե Քոչարի և Ռուբեն Դալլաքյանի կիթառի նուրբ նվագակցությամբ հնչող երգ դարձած հեղինակի բանաստեղծությունները: Այս ռոմանտիկ և պոետիկ երեկոն, որ վարում էր դերասանուհի Գայանե Սամվելյանը, դեռ երկար կմնա ներկաների հուշերում:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են