Հանդիպում ամերիկահայ գրող Հրանդ Մարգարյանի հետ


    Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում, Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում, տեղի ունեցավ հանդիպում ամերիկահայ դրամատուրգ, գրող, ազգային-մշակութային գործիչ Հրանդ Մարգարյանի հետ և նրա «Նահատակված հայ գրողները 1915-1922թթ.. Ծաղկաքաղ» թարգմանական /անգլերեն/ գրքի ներկայացումը։ Հեղինակը գրքում ներկայացնում է Մեծ եղեռնի տարիներին նահատակված 13 հայ գրողների կյանքն ու գրական գործունեությունը: Հեղինակի խոսքով, գրքի հիմնական նպատակը , ինչպես սփյուռքահայ նոր սերնդին, այնպես էլ անգլալեզու հանրությանը իրազեկ դարձնելն է 20-րդ դարի մեծագույն ոճրագործությանը՝ Հայոց Մեծ Եղեռնին: Հրանդ Մարգարյանն գրքում առանձին բաժին է հատկացրել այն բանտերին, ուր Կոնստանդնուպոլսից ուղարկում էին հայ մտավորականներին, որոնց ապրիլի 24-ից սկսած դաժան սպանդի ենթարկեցին և գլխատեցին մի ողջ ժողովրդի: Միջոցառման ժամանակ բացման խոսքով հանդես եկավ <<Ավ. Իսահակյանի անվան ԿԳ>> ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը, ով մեկ անգամ ևս փաստեց Հայոց Մեծ Եղեռնի վերաբերյալ գոյություն ունեցող գրականությունը օտար լեզուներով թարգմանելու կարևորությունն ու անհրաժեշտությունը և ողջունեց Հրանդ Մարգարյանի կողմից կատարված տիտանական աշխատանքը, պատգամելով կանգ չառնել և շարունակել սկսած հույժ կարևոր գործը: Այնուհետև, գիրքը ներկայացրեց գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր <<Սփյուռք>> գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Սուրեն Դանիելյանը: Հեղինակին շնորհավորեցին և գրքի կարևորության մասին խոսքով հանդես եկան բանաստեղծ, Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, գրող, կինոգետ, հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր , նույն ինստիտուտի պրոֆեսոր , ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը: Հրանդ Մարգարյանը ընթերցող հանդիսատեսին և հյուրերին ներկայացրեց նահատակված հայ գրողների կյանքից չհրապարակված փաստեր: Հեղինակի կողմից գրքի ներկայացումը նման էր մի յուրահատուկ դասախոսության, որին չխանգարեց անգամ տապը: Գրքից անգլերեն լեզվով հատվածներ ընթերցեց և միաժամանակ թարգմանեց բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Արտեմ Հարությունյանը: Շնորհակալական խոսքով հանդես եկավ նաև ՀՕՄ –ի Հայաստանի շրջանային վարչության ատենապետուհի Նարինե Գալստյանը, ով Հրանդ Մարգարյանին հանձնեց վարչության շնորհակալագիրը: Դերասանուհի Գայանե Սամվելյանը և սիրիահայ ուսուցչուհիներ Տիրուհի Կարապետյանը, Շաքե Ասճյան-Արծիվյանը և Լյուսին Կազանչյան – Կուրղիկյանը կարդացին Սիամանթոյի <<Խեղդամահը>>, <<Պարը>>, Դանիել Վարուժանի <<Բանվորուհին>>, Ռուբեն Սևակի <<Ջարդի խենթը>> և այլ գործեր:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են