Ընթերցող Երևան>> գրքերի ցուցահանդես


    2015թ-ի հուլիսի 10-ին և 11-ին ամենամյա <<Երևանյան ամառ 2015>> ծրագրի շրջանակներում արդեն երկրորդ անգամն է, որ անցկացվում է <<Ընթերցող Երևան>> խորագիրը կրող գրքի բացօթյա ցուցահանդես - վաճառք, որին մասնակցում էին հիմնականում Երևանում գործող գրահրատարակչությունները, Երևանի գրողների միությունը, գրատները, գրադարանները, գրքասեր երևանցիները: Մանուշյան պուրակը օրվա խորհրդին համապատասխան ձևավորում էր ստացել: Արևի կիզիչ ճառագայթներից պատսպարվելու համար կառուցվել էին տաղավարներ: Տաղավարներից մեկում ստեղծվել էր ոչ սովորական բացօթյա ընթերցասրահ , ուր հանդիսատես - ընթերցողը հնարավորություն ուներ հանդիպելու, ճանաչելու և շփվելու գրողների, արվեստագետների հետ, անմիջական մասնակիցը լինելու նրանց գործերի, գրքերի ներկայացմանն ու քննարկմանը: Յուրօրինակ գրքի տոնը հագեցած էր հայ և այլազգի բանաստեղծների ստեղծագործությունների կատարումներով: Բացման արարողությունը իրականացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանը ներկայացավ ասմունքի ծրագրով. հանդես եկան ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան, ազատամարտիկ Ամիրան Գալստյանը, դերասանուհիներ Գայանե Սամվելյանը, Արսինե Նավասարդյանը, ասմունքող Աիդա Ասատուրյանը, դերասան Սարգիս Վարդանյանը: Ցուցահանդես-տոնավաճառը հրաշալի հարթակ էր գրող-հրատարակիչ-գրադարան –ընթերցող հարաբերությունների համար: Երկրորդ օրվա վերջում բոլոր մասնակիցներին հանձնվեցին շնորհակալագրեր՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության մշակույթի բաժնի պետ Էմին Թորոսյանի կողմից: Հրաշալի այս նախաձեռնության հեղինակը Երևանի քաղաքապետարանն էր՝ ի դեմս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են