Ֆրանսահայ բարերար Մուշեղ Չալոյան-Մարտիրոսյանի «Մաքուր Ձեռքեր, թե Շախմատ» գրքի շնորհանդեսը


    Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված ծրագրի շրջանակներում Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ում տեղի ունեցավ Հայրենական Մեծ պատերազմի մասնակից, ֆրանսահայ բարերար Մուշեղ Չալոյան-Մարտիրոսյանի «Մաքուր Ձեռքեր, թե Շախմատ» գրքի շնորհանդեսը: <<Սա գիրք է քաջության ու մեծահոգության, այլևս սարսափի միջով անցնող մարդու հանդեպ հավատի մասին>> - ֆրանսիացի խմբագիր, հայ ժողովրդի բարեկամ` Ժերար Բոնի: Շնորհանդեսը սկսվեց Մուշեղ Չալոյան-Մարտիրոսյանին նվիրված ֆիլմի ցուցադրությամբ: Դերասանուհի Գայանե Սամվելյանը և ասմունքող Սերգուշ Բաբայանը հյուրերին և ընթերցողներին ներկայացրեցին գրքից հատվածներ, հակիրճ ծանոթացրեցին կենսագրությանը: <<Մուշեղ Չալոյան-Մարտիրոսյանը ծնվել է 1923թ. հոկտեմբերի 5-ին Հայաստանի Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1941թ. մեկնում է Բաքու՝ բարձրագույն ուսում ստանալու: Հայրենական Մեծ պատերազմը սկսվելուն պես նա ևս անմասն չի մնում, սակայն գերի է ընկնում և տարվում Լեհաստան>>: Դերասանուհին նշեց մի կարևոր փաստ, որն առընչվում էր շախմատ խաղալու ունակության հետ և որը Մուշեղ Չալոյանի համար ճակատագրական դեր է խաղացել՝ հրաշքով փրկվելու և Ֆրանսիա հասնելու գործում : 1946թ. աշխատում է հին գորգերի հավաքածուով զբաղվող վարպետ Գևորգ Բակերչյանի մոտ` նրանից սովորելով աշխարհի ձեռագործ գորգերում արտացոլված խորհրդանիշները, պայմանական նշանները, գույների լեզուն ու համադրման գաղտնիքները և ամբողջությամբ նվիրվում է այդ աշխատանքին: Մուշեղ Չալոյան-Մարտիրոսյանի մշակութային հայանպաստ գործունեությունը ներկայացրեցին ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Շահեն Խաչատրյանը և ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը: Գրքի ստեղծման պատմության մասին խոսեց հեղինակի որդու կինը` Ժանին Չալոյանը, ով սկսել էր ձեռագրերի խմբագրումը և ի վերջո կյանքի կոչել այս պատմությունը: Նա նշեց. -Գիրքը գրելիս իմ մեջ ձևավորվում էր նրա երիտասարդության, Ֆրանսիայի մասին դրվագները, ես ճամփորդում էի ժամանակն ի վար, բացահայտելու համար այդ ժամանակվա Հայաստանը, նրա ավանդույթները և ցավերը… Ընդգծել եմ նրա կենդանի մնալու մեծ կամքն ու նախախնամության միջամտությունը: Մուշեղ Չալոյան մարդու և նրա ազգանվեր գործի մասին խոսեցին նրա մտերիմ բարեկամներ Սեդա Անանյանը, ռեժիսոր Ջուլետ Կաժոյանը, պատմական գիտությունների թեկնածու, գորգագետ Աշխունջ Պողոսյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, թարգմանիչ Հենրիկ Բախչինյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, «Սայաթ-Նովա» մշակութային միության նախագահ Թովմաս Պողոսյանը և գրադարանի տնօրեն, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը: Ցերեկոյի ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան լսելու Ազգային օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի մեներգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Լիլիթ Սողոմոնյանին և Ջիվանու անվան աշուղական դպրոցի սաների երաժշտական կատարումները:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են