<<Հայ գիրքը Ամերիկայի մէջ>>


    Մայիսի 21-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում հյուրընկալվել էր ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի <<Հայ գրողների միության>> փոխնախագահ, ազգային գործիչ, թարգմանիչ, հրատարակիչ, մատենագիր, հրապարակախոս, մանկավարժ, գրող Հովսեփ Նալբանդյանը: Գրադարանի վաղեմի բարեկամը այս անգամ ներկայացնում էր իր երկու նոր՝<<Հայ գիրքը Ամերիկայի մէջ>> և <<Կեանքի շարունակուող շաւիղներ>> գրքերը: Սրանցից առաջինը 1857- 2015թթ. լույս տեսած ամերիկահայ գրքերի մատենագրություն է՝ ներկայացված ժամանակագրական հերթականությամբ: Երկրորդում ընտրվել և ներկայացվել են Հովսեփ Նալբանդյանի 200-ից ավելի հոդվածների մի մասը: Հոդվածներից մի քանիսում հեղինակը բացահայտել է հայ հայտնի գրողների, ինչպես նաև չլուսաբանված հասարակական գործիչների կյանքի և գործունեության մասին պատմող մանրամասներ: Շնորհանդեսի ընթացքում հեղինակին ողջունեցին և գրքերի մասին խոսեցին Հայաստանի գրողների միության նախագահ, բանաստեղծ Էդուարդ Միլիտոնյանը, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ Սամվել Մուրադյանը, ՀՀ սփյուռքի փոխնախարար, գրականագետ Սերժ Սրապիոնյանը, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Մարգարիտա Խաչատրյանը, բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ Արևշատ Ավագյանը, մանկավարժ, Հովսեփ Նալբանդյանի համակուրսեցի Մարինե Գալստյանը: Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև <<Ավ. Իսահակյանի անվան ԿԳ>> ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը, ով պարոն Նալբանդյանին հանձնեց <<Գրադարանի բարեկամ>> շնորհակալագիր՝ գրադարանի ֆոնդը հարստացնելու համար: Իրենց գեղեցիկ ասմունքով հեղինակին և ընթերցողներին ողջունեցին շնորհանդեսի հանդիսավար, դերասանուհի Գայանե Սամվելյանը, կանադահայ հասարակական գործիչ, լրագրող Մարո Մարգարյանը և մանկավարժ Տիրուհի Մարգարյան-Կարապետյանը: Ներկաները հնարավորություն ունեցան լսելու նաև ՀՀ վաստակավոր արտիստուհի, Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար, սոպրանո Մագդա Մկրտչյանին և գրող, երգիչ Արսես Համբարյանին: Միջոցառումն ամփոփեց Հովսեփ Նալբանդյանը, ով շնորհակալություն հայտնեց բոլորին՝ իր աշխատանքը գնահատելու և այդ օրը հիշարժան դարձնելու համար:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են