Դասախոսություն` «Հայրենական Մեծ պատերազմի թեման հայ կինոյում»


    Մայիսի 13-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում, «Հաղթանակների և խաղաղության միամսյակ» ծրագրի շրջանակներում, կինոգետ, արձակագիր, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Գալստյանը վարեց դասախոսություն` «Հայրենական Մեծ պատերազմի թեման հայ կինոյում» : Այս թեմայով նկարահանված մեծ քանակությամբ խորհրդային ֆիլմերից կինոգետն առանձնացրել էր հայ ռեժիսորների 5 ֆիլմեր. <<Քոչարի>>, <<Կոչված են ապրելու>>, <<Բարև , ես եմ>>, <<Վերջին նետում>>, <<Հին օրերի երգը>>: Այս շարքից առաջին ֆիլմը վավերագրական է: Բացառիկ կադրերը ներկայացնում են Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակ տարած հայ զինվորների ռազմապարը՝<<Քոչարին>>, Բեռլինում, Ռայխստագի դիմաց: Մյուս չորս ֆիլմերի մասին խոսելով` Սերգեյ Գալստյանը նշեց, որ դրանցից յուրաքանչյուրը յուրովի է մեկնաբանում պատերազմի թեման: Ռեժիսորները նպատակ են ունեցել ներկայացնել ոչ այնքան բուն պատերազմական գործողությունները, որքան դրանց ազդեցությունը մարդկային ճակատագրերի վրա: Նյութը ավելի ազդեցիկ էր դառնում վերոհիշյալ ֆիլմերից ընտրված հատվածների ցուցադրման շնորհիվ: Դասախոսությունից հետո կինոգետը պատասխանեց ընթերցողների հարցերին:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են