Նոյեմբերի 28-30-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ «Նորարար գրադարաններ 2022» 5-րդ աշխատաժողով՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հովանավորությամբ։ Աշխատաժողովին իրենց մասնակցությունն ունեցան Երևանի և Հանրապետության ութ մարզերի բազմաթիվ համայնքային և համալսարանական գրադարանների ներկայացուցիչներ, այդ թվում նաև Երևանի Քաղաքապետարանի Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հասարակայնության հետ կապերի և միջոցառումների բաժնի վարիչ Մարինե Ղազարյանը, ով ներկայացրեց Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի և «ՆԱԽԱԲԵՄ» կրթամշակութային ասոցիացիա ՀԿ-ի կողմից կազմակերպվող «ՆՌԱՆ ՀԱՏԻԿ» հանրապետական մանկապատանեկան թատերական փառատոնի անցկացման ողջ գործընթացը՝ կարևորելով նպատակը, թիրախը, խնդիրները և այլ հարցեր։
Ծրագրի նպատակն էր թվային տեխնոլոգիաների մարտահրավերների դարաշրջանում հստակեցնել գրադարանների դերն ու նշանակությունը, նրանց գործառույթները և համատեղ աշխատանքի միջավայրում փորձել նորարար լուծումներ գտնել:
Ծրագրի մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ «Նորարար գրադարաններ» ծրագրի հեղինակ, ՀՀ Ազգային գրադարանի տնօրենի խորհրդական Ներսես Հայրապետյանը։ Այնուհետև, հաջորդիվ մասնակից գրադարանների աշխատակիցները ներկայացրեցին վերջին տարվա ընթացքում իրենց գրադարանների լավագույն ծրագրերը, նորարար նախաձեռնությունները։ Եռօրյա աշխատաժողովը հագեցած էր բազմաթիվ, տարաբնույթ քննարկումներով, սեմինարներով, գործնական աշխատանքներով։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության գրադարանային գլխավոր մասնագետ Նազիկ Հովասափյանը ներկայացրեց զեկույց՝ նվիրված գրադարանային ոլորտի նորություններին:
Ներսես Հայրապետյանը ներկայացրեց «Գրադարանային հասանելիություն` հաշմանդամություն ունեցող անձանց համար» և մի շարք այլ թեմաներ։
«PR և մարկետինգի գործիքները» թեմայով ինտերակտիվ քննարկում վարեց ABN մեդիա հարթակի տնօրեն Նարեկ Նիկողոսյանը:
«Երիտասարդական աշխատանք։ SWOT վերլուծություն» ներկայացրեց Ավ․ Իսահակյանի անվան ԿԳ-ի Ամերիկյան կենտրոն բաժնի գրադարանավար Լուսինե Խաչատրյանը։
«Արդյունավետ հաղորդակցություն» գործնական աշխատանք անցկացրեց Երևանի Ավ․ Իսահակյանի անվան ԿԳ-ի Ամերիկյան կենտրոն բաժնի վարիչ Նելլի Խաչատրյանը։
«911 համակարգչային օգնություն» թեման ներկայացրեց Լոռու մարզային գրադարանի աշխատակից Անդրանիկ Հովհաննիսյանը:
«Ամերիկյան անկյունների բարեկամների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից մասնակից բոլոր գրադարանները ծեփագրիչներ /եռաչափ գրիչ/ նվեր ստացան, որոնք կկիրառվեն մանկա-պատանեկան ծրագրերում և աշխատանքներում:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են