Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի դահլիճում տեղի ունեցավ գրականագետ, թարգմանիչ Հենրիկ Բախչինյանի «Սայաթ Նովայի կյանքը» և «Հայ միջնադարյան բանաստեղծությունը» հինգ հատորյակի շնորհանդեսը։ Առաջին գիրքը բովանդակում է Սայաթ-Նովայի կյանքի և գործունեության հանգամանալի քննությունը, որն ամենից համապարփակն է եղած բոլոր կենսագրականների մեջ։ Խարսխված է երգչի եռալեզու ողջ ժառանգության, բանասիրությանը հայտնի բոլոր տվյալների և սայաթնովագիտության բազմամյա փորձի ու ձեռքբերումների վրա։ Բազմահատոր ուսումնասիրության տպագրությանը հովանավորել են ամերիկաբնակ գրասեր բարերարներ՝ Տէր և Տիկին՝ Յովսէփ և Գարոլին Նալպանտեանները։ Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը: Հեղինակին ողջույնի և շնորհավորանքի խոսքեր ասացին բ․գ․դ․, պրոֆեսոր, գրականագետ, գրաքննադատ, գրող Վանո Եղիազարյանը, գրող Արծվի Բախչինյանը, ով նաև ընթերցեց Վաչագան Ավագյանի ուղերձը՝ նվիրված Հենրիկ Բախչինյանին, ամերիկահայ հասարակական գործիչ, գրող, գրականագետ, թարգմանիչ, հրատարակիչ Հովսեփ Նալբանդյանը, բ․գ․դ․, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Սամվել Մուրադյանը, արվեստաբան, գիտնական, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ Հենրիկ Հովհաննիսյանը և ընթերցող Խաչիկ Վարդանյանը։ Ամփոփիչ և շնորհակալական խոսքով հանդես եկավ Հենրիկ Բախչինյանը։ Երաժշտական կատարումներով ելույթ ունեցավ գրող, երգիչ, երգահան Արսեն Համբարյանը։ Միջոցառումը վարեց և Սայաթ Նովայի, հայ միջնադարյան բանաստեղծությունների ընթերցմամբ հանդես եկավ դերասանուհի Գայանե Սամվելյանը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են