Հունիսմեկյան տոնական տրամադրություն էր Իսահակյան գրադարանում: Օրը հագեցած էր բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներով և անակնկալներով: Գրադարանի դահլիճում մեր փոքրիկներին սպասվում էր հանդիպում բանաստեղծ, մանկագիր Կորյուն Առաքելյանի և կոմպոզիտոր Հռիփսիմե Խրիմյանի հետ: Միջոցառման ժամանակ «Վիկտորյա» մանկական համույթի կատարմամբ հնչեցին բանաստեղծ Կորյուն Առաքելյանի մանկական ստեղծագործությունների հիման վրա գրված կոմպոզիտոր Հռիփսիմե Խրիմյանի երգերը:
Ավ. Իսահակյանի անվան գրադարանի դահլիճում տոն էր, և այդ տոնը այս անգամ պարգևեց բանաստեղծ, թարգմանիչ Գոհար Գալստյանը իր «Գունդուչիկն ու հայելին» գրքի ներկայացմամբ: Միջոցառմանը ներկա էին Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 դպրոցի սաները իրենց ուսուցչուհու՝ Թամարա Միրզոյանի հետ: Աշակերտները գեղեցիկ ներկայացրեցին հեղինակի Գունդուչիկի մասին ստեղծագործությունները: Գրքի մասին իր տպավորությունները կիսեց հրատարակիչ Վան Արյանը: Միջոցառմանը ներկա էին գրողներ Սաթենիկ Մկրտչյանը, Ալիս Հովհաննիսյանը, Նանեն, Հերմինե Նավասարդյանը, մշակութաբան Թամար Հովհաննիսյանը, դերասանուհի Հասմիկ Տեր-Կարապետյանը և այլք:
Տոնական օրը ամփոփեց «Իսահակյան» թատերախումբը՝ Սեյրանուհի Գեղամյանի «Մայրիկին վերագտած խատուտիկները» ներկայացման բեմականացմամբ, որը մեծ սիրով ընդունվեց երեխաների կողմից: Ներկայացումը պատրաստել էր թատերախմբի գեղարվեստական ղեկավար Մարիամ Հակոբյանը: Միջոցառման մասնակիցներին շնորհավորեց ստեղծագործության հեղինակը ՝ Սեյրանուհի Գեղամյանը։
Ողջ օրվա ընթացքում գրադարանի ճեմասրահում հնչում էին մանկական երգեր և ցուցադրվում մուլտֆիլմեր:
Բոլոր մասնակիցները գրադարանից հեռացան անմոռանալի տպավորություններով:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են