Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հանդիպում բանաստեղծուհի Հասմիկ Հովհանի հետ, ինչպես նաև՝ նրա «Երկինքը հոգուս» գրքի շնորհանդեսը։
Բանաստեղծուհի Հասմիկ Հովհանի խրոխտ քաղաքացիական կերպարի և նրա «Երկինքը հոգուս» գրքի մասին բարձր գնահատանքի և շնորհավորանքի ջերմ խոսք հղեցին բանաստեղծ, գրքի խմբագիր Խաչիկ Մանուկյանը, բանաստեղծուհի Հռիփսիմե Հովհաննիսյանը, գրող, հրապարակախոս Ժաննա Ղոչիկյանը և գրող, հրապարակախոս Վրեժ Սարուխանյանը։
Նրանք անդրադարձան գրքում ամփոփված խորունկ մտորումների, Հայրենիք-զավակ հերոսական պատվախնդրության, Հայրենիքի Ցավի, բայց և աներեր Վերհառնումի, Ապրելու սխրանքի և Հարատևումի հավատազոր արծարծումներին։
Ելույթ ունեցողները կարևորեցին գրքի բովանդակային արդիականությունը և հեղինակի քաղաքացիական ոգեշունչ դիրքորոշման խիզախությունը։
Հասմիկ Հովհանի մարդկային, հայրենասիրական, բարոյական առաքինությունների համոզիչ հավաստումն էր նաև Գագիկ Գինոսյանի խոսքը, որն ընթերցեց դերասանուհի Գայանե Սամվելյանը։
Մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության, երաժշտության, մանկավարժության ամբիոնի դասական վոկալի դասախոս, դոցենտ Մարիանա Ավետիսյանի /նվագակցող՝ նույն ամբիոնի դոցենտ, դաշնակահարուհի Աննա Ադամյան/ և սիրված երգիչ, երգահան Արսեն Համբարյանի կատարմամբ հնչեցին հոգեբուխ երգեր, որոնք առանձնակի հուզական շունչ հաղորդեցին միջոցառմանը։
Բանաստեղծուհի Հասմիկ Հովհանի խոսքը հուզեց հանդիսության մասնակիցներին։ Նա խորին հարգանքի և երախտագիտության տուրք հղեց մեր մարտիրոսված Անմահներին, իր բոլոր ընկերներին, գրքի հրատարակման աջակիցներին։ Ցուցադրված երաժշտական տեսանյութն ամբողջացրեց միջոցառման խորհուրդը։
Հանդիսությունը բացեց, վարեց և արժեքավոր ընթերցումներ ներկայացրեց դերասանուհի Գայանե Սամվելյանը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են