«ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐԱԹՈՆ-2022»-ը՝ ԻՍԱՀԱԿՅԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ


    Ավ․Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանը Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան հետ համատեղ, «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակում, կազմակերպեց գրականության ընթերցանության ամենամյա հերթական մարաթոնը։
Մարաթոնը ողջույնի խոսքով բացեց «Ավ․Իսահակյանի անվանԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն Հասմիկ Կարապետյանը: Նա կարևորեց այս համատեղ միջոցառման մեծ դերակատարությունը գրականության, մշակույթի, կրթության, ընթերցանության խթանման գործում, ինչպես նաև երկու երկրների գրական-մշակութային գործակցության մեջ։ Տնօրենը շեշտեց, որ մարաթոնային ընթերցման գիրքը՝ ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանի «Ճակատագրի սև շունը» հուշապատումը, մեկ անգամ ևս հնարավորություն է տալիս աշխարհին ներկայացնելու հայոց եղեռնի պատմական
փաստը և արդի խառնակ ժամանակներում շեշտադրելու խաղաղության արժեքը և անհրաժեշտությունը։
Ընթերցանության մարաթոնին մասնակցեցին և գրքից հատվածներ ընթերցեցին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսին, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը և արվեստի , մշակույթիգործիչներ, նշանավոր մտավորականներ և մարզային գրադարանների ներկայացուցիչներ, ընթերցասերներ։
Մարաթոնի ողջ ընթացքն առցանց հեռարձակվեց ՀՀ մարզային, քաղաքային գրադարաններում և դպրոցներում:
ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսին և Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ունկնդրեցին նաև Իսահակյան գրադարանի դահլիճում կազմակերպված համերգային ծրագիրը, որի ընթացքում ելույթ ունեցան Երևանի քաղաքապետարանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի սաները:
Մարաթոնի մասնակիցները բարձր գնահատեցին ԱՄՆ-ի դեսպանատան հետ համատեղ իրականացվող ամենամյա այս ծրագիրը՝ այն արժևորելով որպես գրքի, գրականության ընթերցանության խրախուսման և խթանման, ինչպես նաև համամարդկային բարձր արժեքների հանրահռչակման արդյունավետ միջոց։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են