Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում, «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակում, տեղի ունեցավ գրական ցերեկույթ՝ նվիրված Վահագն Դավթյանի 100-ամյակին։
Հանդիսությանը ներկա էին բանաստեղծի հարազատները՝ դուստրերը, թոռները և բազմաթիվ ընթերցողներ, հյուրեր։
Վահագն Դավթյանի գրականության մասին բարձր գնահատանքի, շնորհավորանքի խոսք ասացին և հուշեր ներկայացրին գրող, արձակագիր, հրապարակախոս, թարգմանիչ Գրիգոր Ջանիկյանը, գրող, բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս Լևոն Բլբուլյանը, հեռուստալրագրող, բանասիրական գիտությունների դոկտոր Սերգո Երիցյանը։ Ելույթ ունեցողները խորհրդանշական համարեցին այն հաճելի փաստը, որ Վահագն Դավթյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների մեկնարկը տրվեց Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում։Այս կապակցությամբ նրանք խորին երախտագիտություն հայտնեցին գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանին և գրադարանի ողջ աշխատակազմին։ Համոզմունք հնչեց, որ ամբողջ տարվա ընթացքում Վահագն Դավթյանին նվիրված հոբելյանական միջոցառումներ կկազմակերպվեն Երևանում և ՀՀ մարզերում։
ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանը հանդես եկավ Վահագն Դավթյանի բանաստեղծությունների և հուշերի հետաքրքիր համադրությամբ։
Բանասիրական գիտությունների թեկնածու Նադյա Անտոնյանը և Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոնի սան Իրինա Շախյանը ներկայացրին Վահագն Դավթյանի բանաստեղծություններից։
Հանդիսությունը բացեց, վարեց և գեղարվեստական հոգեհույզ ընթերցումներով հանդես եկավ դերասանուհի Գայանե Սամվելյանը։
Հանդիսությունն ավարտվեց Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոնի «Վահագն Դավթյան -«Պարտք»» տեսաֆիլմով։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են