Արիս Արսենի «Սամվել Վիրաբյան դերասանը» գրքի շնորհանդեսը


    Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի դահլիճում տեղի ունեցավ բանաստեղծ, արձակագիր, մանկագիր, երգիծաբան, լրագրող, հրապարակախոս, ազատամարտիկ Արիս Արսենի «Սամվել Վիրաբյան դերասանը» գրքի շնորհանդեսը։
Միջոցառումը ողջույնի և շնորհավորանքի խոսքով բացեց Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը։ Տնօրենը շեշտեց Հայաստանի և Արցախի մշակութային առավել սերտ փոխգործակցության քաղաքականության կազմակերպման անհրաժեշտությունը մեր բարդ ժամանակաշրջանում և փաստեց, որ Իսահակյան գրադարանը միշտ հետևողականորեն է իրականացրել ՀՀ-ի և Արցախի միջև գրական-մշակութային, բարեկամական պատասխանատու առաքելությունը։ Արցախի մշակութային վավերագրությունը ներկայացնող այս գրքի շնորհանդեսը այդ նպատակային քաղաքականության իրականացման հերթական ապացույցն է։ Ելույթ ունեցողները՝ բանախոս, բեմադրիչ, ԼՂՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Հարությունյանը, ԼՂՀ-ի Հադրութի շրջանի «Դիզակ» թերթի խմբագիր Լիաննա Պետրոսյանը, հանդես եկան Սամվել Վիրաբյան դերասանի մասին ջերմ հուշերով և բարձր գնահատանքի խոսքով։ Նրանք կարևորեցին Արիս Արսենի գրքի պատմամշակութային արժեքը։ Հուզիչ խոսք ասաց գրքի հեղինակ Արիս Արսենը։ Դերասանի որդին, տնտեսագետ, պետական և քաղաքական գործիչ, ՀՀ-ում ԱՀ-ի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը յուրատիպ «Արցախապատումի» հոգեբուխ հուշեր ներկայացրեց, ապա խորին երախտագիտության խոսք հղեց գրքի հեղինակին, Լեոնիդ Հարությունյանին և Իսահակյան գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանին։
Գրքից հատվածներ ընթերցեցին դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Մայրանուշ Գրիգորյանը և Գայանե Սամվելյանը։ Միջոցառմանը առանձնակի հուզական շունչ հաղորդեցին «Դիզակ Արտ» մշակութային կենտրոնի սաների արցախյան ազգագրական երգերի կատարումները՝ դասատու Անուշ Ստեփանյանի ղեկավարությամբ։ Բանախոս Լեոնիդ Հարությունյանը երախտագիտություն հայտնեց Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանին և գրադարանի ողջ աշխատակազմին։
Շնորհանդեսը դարձավ Հայաստան-Արցախ գրական, բարոյամշակութային մերձեցման հիրավի ջերմ և հուզիչ իրադարձություն։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են