Գրական-երաժշտական ցերեկույթ


    Ավ․Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի և Երևանի Մ․ Նալբանդյանի անվան թիվ 33 հիմնական դպրոցի համագործակցությամբ՝ Իսահակյան գրադարանի դահլիճում տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին։
Միջոցառումը ողջույնի և շնորհավորանքի խոսքով բացեց գրադարանի աշխատակցուհի, բանասիրական գիտությունների թեկնածու Նադյա Անտոնյանը։ Դպրոցի 7-9-րդ դասարանների աշակերտները, տնօրեն Անուշ Համբարձումյանի, ուսուցիչներ Կարինե Սարգսյանի, Նաիրա Աբրահամյանի, Գայանե Բարսեղյանի ղեկավարությամբ ներկայացրին հոբելյանական հետաքրքիր ծրագիր։ Նրանք հանդես եկան Եղիշե Չարենցի բանաստեղծությունների ջերմ ասմունքով և երգային-երաժշտական կատարումներով։ Ցերեկույթին հետաքրքիր գույն ու շունչ հաղորդեցին «Ես իմ անուշ Հայաստանի» երգը՝ մենակատարներ Նարեկ Մաթևոսյանի, Վահագն Դուրգարյանի և ամբողջ խմբի կատարմամբ, քանոնահարուհի Նարե Հովհաննիսյանի հոգեհույզ նվագը և Լինա Աբաջյանի պարը։ Հայոց ոգեղեն, «արևահամ բառը» կրկին ծաղկեց հենց Չարենցի երգած «Գալիքի գանգրահեր տղաների», նաև նաիրուհիների շուրթերին։ Գրադարանի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը ոգեշունչ խոսքով շնորհավորեց տոնական միջոցառումը, փոխգործակցության համար շնորհակալություն հայտնեց դպրոցի մանկավարժական, աշակերտական համակազմին և գրադարանի կողմից արժեքավոր գրական հավաքածու նվիրեց դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանին։ Ցուցադրվեց Ե․Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի հիմքով ստեղծված ինքնատիպ տեսաֆիլմը, որը հեղինակել է Ավ․ Իսահակյանի անվ․ Կենտրոնական գրադարանի Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների բաժինը ․ տեսաֆիլմը մեծ խորհուրդ հաղորդեց միջոցառմանը։ Միջոցառման ավարտին աշակերտները շրջայց կատարեցին Իսահակյան գրադարանում։ Օրն առլեցուն էր Չարենցյան զորացնող ոգով։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են