Գրող, բանաստեղծ, մանկագիր Ղուկաս Սիրունյանի «Բաց արեք, ես եմ» գրքի շնորհանդես


    Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ գրող, բանաստեղծ, մանկագիր Ղուկաս Սիրունյանի «Բաց արեք, ես եմ» գրքի շնորհանդեսը։
Հանդիսությունը գրական-մշակութային յուրատիպ ձոն էր՝ նվիրված գրողի հիշատակին։
Միջոցառումը ողջույնի, հուշի և գնահատության ջերմ խոսքով բացեց Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը։
Ղուկաս Սիրունյանի մարդկային խոր ու ջերմ կերպարը, նրա գրականության փիլիսոփայական ընդգրկումների անսահմանությունը և բնաբուխ-անպաճույճ գրելաոճը յուրատիպ հուշ-պատումներով, փաստ-զուգորդումներով ներկայացրին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրող Ռոլանդ Շառոյանը, հրապարակախոս Հովհաննես Պապիկյանը, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, գրականագետ, բ․գ․թ․ Արմեն Ավանեսյանը, գրողի եղբայր Արամ Սիրունյանը։ Ելույթ ունեցողները շեշտադրեցին, որ Ղուկաս Սիրունյանի չափածո և արձակ գրական կտավը, հիրավի, մարդու և բնության, անհատի և հայրենիքի, հույզի և բանականության, անցողիկի և մնայունի ազնիվ գունապնակ է, համոզիչ հյուսվածք։
Դերասանուհի Գայանե Սամվելյանի գրական ընթերցումները, երգահան Լիլիթ Համբարձումյանի երգային կատարումները, ցուցադրված տեսաֆիլմերը մթնոլորտն առավել ջերմացրին սիրունյանական ոգեղեն շնչով։
Միջոցառման ավարտին հուշեր պատմեց և շնորհակալության խոսք ասաց Ղուկաս Սիրունյանի որդի Հայկ Սիրունյանը։
Միջոցառումը վարեց գրականագետ, բ․գ․թ․ Արմեն Ավանեսյանը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են