Մարո Մադոյան-Ալաջաջյան
«Չինացին էլ լա՛վ հայ կդառնա» գրքի շնորհանդես
Ավ․ Իսահակյանի անվ․ Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ դրամատուրգ, թարգմանիչ, գրականագետ, արձակագիր, հրապարակախոս Մարո Մադոյան-Ալաջաջյանի «Չինացին էլ լա՛վ հայ կդառնա» գրքի շնորհանդեսը։
Մարո Մադոյան-Ալաջաջյանի գրական տաղանդի, մարդկային, քաղաքացիական, հայրենասիրական առաքինությունների մասին բարձր գնահատության խոսք ասացին դերասանուհի Մարիամ Հակոբյանը, <<Դիմանկար>> հեռուստահաղորդաշարի հեղինակ, ամերիկաբնակ Նարինե Չիլինգարյանը, դրամատուրգ, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանը, ՀՀ-ում Ուկրաինայի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Ղուդրատյանը, գրականագետ, բ․գ․ դոկտոր, պրոֆեսոր Լաուրա Մուրադյանը։ «Արձագանք» բարեգործական ընկերության / հիմնադիր՝ Մարո Մադոյան-Ալաջաջյան/ կողմից կազմակերպվող պատմվածքների ամենամյա մրցույթի արդյունքները հրապարակեց և շնորհակալության տուրք հղեց մրցույթի հանձնախմբի անդամ Արսեն Վարդանյանը։ Երկրորդ և չորրորդ կարգի մրցանակներ ստացան Գրիգոր Ջանիկյանը, Սաթենիկ Ղազարյանը և Ռոզա Ղուդրատյանը։
Հայաստան-սփյուռք գրական-մշակութային կապերի զարգացման գործընթացը կարևորեց և երախտագիտության ջերմ խոսք ասաց Մարո Մադոյան-Ալաջաջյանը։
Միջոցառումը բացեց, վարեց և ավարտական հուզիչ ելույթ ունեցավ դերասանուհի Մարիամ Հակոբյանը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են