Տեղի ունեցավ Ա.Հայկազի ծննդյան 115-ամյակին նվիրված միջոցառումը


    Մարտի 9-ին Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի դահլիճում, <<Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ>> ծրագրի շրջանակներում, տեղի ունեցավ Շապին - Գարահիսարի ինքնապաշտպանության մասնակից և Մեծ Եղեռնի ականատես, արձակագիր Արամ Հայկազի ծննդյան 115- ամյակին նվիրված միջոցառումը: Բացման խոսքով հանդես եկան գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, <<Հայաստան>> հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանը, պատմաբան , <<Արամ Հայկազ. Մոռացված էջեր>> հինգհատորյակի խմբագիր, գրքի բանախոս Գևորգ Յազըճյանը: <<Ավ. Իսահակյանի անվան ԿԳ>> ՀՈԱԿ-ի տնօրեն, մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը, ներկաներին և, մասնավորապես ,<<Արամ Հայկազ. Մոռացված էջեր>> հինգհատորյակի կազմող և ծանոթագրող, բանասիրական գիտությունների դոկտոր, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի դասախոս Մարգարիտա Խաչատրյանին հաղորդեց արձակագիր, հրապարակախոս Հրաչյա Մաթևոսյանի (Հրաչօ)՝ նրան ուղղված խոսքը: Այնուհետև ելույթ ունեցան բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ Նաիրա Բալայանը, գրականագետ, թարգմանիչ, ուսուցիչ, հասարակական գործիչ Մարգար Շարաբխանյանը, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ազատամարտիկ Վարդան Դևրիկյանը, ընթերցող Ելենա Դավթյանը և այլոք: Ցերեկույթն իր խոսքով ամփոփեց Մարգարիտա Խաչատրյանը: Նա նշեց, որ այն օրից ի վեր, ինչ <<ծանոթացել >> է Արամ Հայկազի հետ, իր պարտքն է համարել նրան ներկայացնել լայն զանգվածներին՝ իմանալով, թե ինչպիսի կարևոր դասեր նա կարող է տալ հասարակությանը: Միջոցառման վերջում նոր հատորյակը բաժանվեց ներկաներին և Մարգարիտ Խաչատրյանը բոլորին հրավիրեց ապրիլ ամսին կայանալիք գրքի շնորհանդես-քննարկմանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են