Սփյուռքահայ գրականագետ-մատենագետ, թարգմանիչ, ազգային գործիչ, հրապարակախոս Հովսեփ Նալբանդյանի կազմած և խմբագրած «Արևմտահայ և սփյուռքահայ կին գրողներ» և Հրանդ Ք․ Արմենի «Մարզպանը և սպարապետը», «Հայկական գերագույն ատյան Վասակ Սյունի» /Ամբաստանյալ/ գրքերի շնորհանդես
Հայ գրական-պատմամշակութային աշխարհի բազմադարյա շերտերը և սահմանները ժամանակների մեջ շարունակում են մնալ նորանոր քննումների և բացահայտումների անսպառ շտեմարան։
Ասվածի հերթական վկայությունն են սփյուռքահայ գրականագետ-մատենագետ, թարգմանիչ, ազգային գործիչ, հրապարակախոս Հովսեփ Նալբանդյանի կազմած և խմբագրած «Արևմտահայ և սփյուռքահայ կին գրողներ» և Հրանդ Ք․ Արմենի «Մարզպանը և սպարապետը», «Հայկական գերագույն ատյան Վասակ Սյունի» /Ամբաստանյալ/ գրքերը, որոնց շնորհանդեսը տեղի ունեցավ Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում։
Միջոցառումն սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ նվիրված մեր դյուցազուն Անմահների հիշատակին։
Պրոֆեսոր, գրականագետ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, «Արևմտահայ և սփյուռքահայ կին գրողներ» գրքի բանախոս Սամվել Մուրադյանը մեծապես արժևորեց Հովսեփ Նալբանդյանի ազգօգուտ գործունեությունը, նրա անսակարկ նվիրումը հայ գրականության զարգացման, տարածման և սերունդներին փոխանցման արգասաբեր գործին։
Պրոֆեսոր, գրականագետ Սուրեն Դանիելյանը, գրականագետ, թարգմանիչ բ․գ․ դոկտոր Հենրիկ Բախչինյանը նույնպես կարևորեցին այս գրքերի ծնունդը և արձանագրեցին, որ դրանք նոր հնարավորություն են տալիս մեր գրական-գրականագիտական մտքին՝ վերանայելու, վերաքննելու հայ պատմամշակութային արժեքների առանցքային, կնճռոտ հարցերը։
Իսահակյան գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը շեշտեց գրադարանի գրական-մշակութային-ռազմավարական ծրագրերում Հայրենիք-սփյուռք գործակցության կարևորությունը, այդ գործում Հովսեփ Նալբանդյանի անուրանալի ներդրումը և գրադարանի հետ տարիների բեղուն բարեկամությունը։ Տիկին Կարապետյանը խորին երախտագիտություն հայտնեց նաև հայ անվանի մտավորականներին գրադարանը՝ որպես գիտակրթական քննարկումների հարթակ, բարձր գնահատելու, ինչպես նաև իրենց մեծապատիվ ներկայությամբ սերունդների կրթական գործին աջակցելու համար։
Դերասանուհի Գայանե Սամվելյանը և ասմունքող Աիդա Ասատուրյանը հանդես եկան ընթերցումներով։
Հնչեցին երաժշտական կատարումներ։ Միջոցառման ավարտին Հովսեփ Նալբանդյանը շնորհակալության խոսք հղեց բոլոր մասնակիցներին և Իսահակյան գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանին։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են