Աղավնի_Գևորգյանի«44․2020»բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը


    Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ բուլղարահայ բանաստեղծուհի, մշակութային գործիչ, դոկտոր Աղավնի Գևորգյանի բանաստեղծությունների «44/2020» ժողովածուի շնորհանդեսը։
Ներկաները մեկ րոպե լռությամբ իրենց խոնարհումը մատուցեցին մեր դյուցազուն մարտիրոսներին։
Բանախոս, գրականագետ, բ․գ․ դոկտոր Արթուր Անդրանիկյանը ներկայացրեց սփյուռքում Աղավնի Գևորգյանի գրական, ազգային, մշակութային գործունեության բնութագիրը։ Նա շեշտեց բանաստեղծուհու մեծ դերակատարությունը հայ-բուլղարական մշակութային կապերի զարգացման, աշխարհին քառասունչորսօրյա պատերազմի արդարացի ներկայացման և խոր մեկնաբանության գործում։
Դերասանուհի Գայանե Սամվելյանը և ասմունքող Աիդա Ասատուրյանը ընթերցեցին նմուշներ Աղավնի Գևորգյանի «44/2020» ժողովածուից։
Բանախոս Արթուր Անդրանիկյանն իր խոսքում հարգանքով և հուզմունքով ամրագրեց, որ հայրենասեր բանաստեղծուհին այս ժողովածուում ներկայացնում է վիրավոր Արցախի հառաչանքը, 4750 սրբացած հայորդիների անմահացումի և նրանց մայրերի ցավի պատումը, վիրավոր Հայրենիքի մորմոքը,անլռելի կսկիծը, բայց և ամուր, պայծառ հավատը՝ առ վերջնական հաղթանակ։
Բանախոսը խոնարհում հղեց որդեկորույս մայրերին։ Նա հոգեբուխ երախտագիտություն հայտնեց հայրենիքի պաշտպանության դիրքերում այժմ էլ զավակներ ունեցող բոլոր մայրերին, նաև՝ գրադարանի Գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանին, Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների բաժնի գրադարանավար Անգին Ավոյանին։
Միջոցառման ընթացքում հնչած մեկնողական, գեղարվեստական խոսքերը և ներկայացված տեսանյութերը հավաստեցին օրվա խորհուրդը․ մեր Անմահները հրամայում են իրականացնել ապրելու և Հայրենիքը վերազորացնելու սխրանքը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են