Միքայել Մուրադյանի «Երկու տարվա կյանք» գրքի շնորհադեսը


    Ավ․Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Միքայել Մուրադյանի «Երկու տարվա կյանք» գրքի շնորհադեսը։ Միջոցառումն սկսվեց խոնարհումի և հարգանքի մեկ րոպե լռությամբ՝ նվիրված մեր անմահացած Հերոսների հիշատակին։ Գրքի հեղինակ Միքայել Մուրադյանը խոր մեկնումներով և հեղինակային հուզիչ երգերով ներկայացրեց հայ զինվորի հերոսականության մասին այս հուշապատում-գրքի ստեղծման խորհուրդը՝ շեշտելով․ <<Գիրքն ունի սրտի զարկ և շունչ>>։ Այս գիրքը Հայաստան Հայրենիքի և նրա ՀԵՐՈՍ ՈՐԴԻՆԵՐԻ դյուցազնապատումի մասին է․ այն նվիրված է մեր մարտիրոսված անմահների հիշատակին ու վիրավորված, գերեվարված և մեզ հետ ապրող, կենդանի Հերոս զավակներին։ Հոգեբուխ ջերմությամբ ելույթ ունեցան գրքի խմբագիր Մանե Մուրադյանը, գրքի շապիկի հեղինակ, նկարիչ Արթուր Մինասյանը, ծառայակից ընկերներ Արթուր Աբաջյանը, Սամվել Հովհաննիսյանը, Մատուռի հեղինակ Անդրանիկ Նուրինջանյանը։ Միքայել Մուրադյանը և բոլոր ելույթ ունեցողները խոնարհումով իրենց երախտագիտության ու հարգանքի տուրքը մատուցեցին միջոցառմանը ներկա հերոսածին, որդեկորույս մայրերին, որոնք հոգեցունց հուզմունքով հուսադրող խոսքեր հնչեցրին։ Հնչեցին քաջազուններ Մխ. Գալեյանին, Տիգրան Միկոյանին, Արտյոմ Եղոյանին և մյուս հերոսներին նվիրված երգեր, ցուցադրվեցին Ավ․Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի կողմից ստեղծված հայրենասիրական տեսահոլովակներ։ Միջոցառման ավարտին դահլիճը հոտնկայս ծափերով իր երախտագիտության, խոնարհումի և հարգանքի տուրքը հղեց Հայրենիքի Անմահ Հերոսներին։ Միքայել Մուրադյանը գրքեր նվիրեց ներկա ծառայակից ընկերներին։ Հեղինակն իր խորին շնորհակալությունը հայտնեց Ավ․Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանին։ Հանդիսությունը վարեց և գրքից հատվածներ ընթերցեց դերասանուհի Գայանե Սամվելյանը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են