Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ գրող, բանասեր, փիլիսոփա, նարեկագետ, պատմաբան Աշոտ Պետրոսյանի «Բաշքենդ - Արծվաշեն » գրքի շնորհանդեսը:
Միջոցառումն օրհնանքի խոսքով բացեց Բերձորի հոգևոր հովիվ Հայր Աթանասը։ Պատմաբան Գևորգ Յազըճյանը, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ՀՀ Մանկավարժական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, «Տավուշ» հայրենակցական միության փոխնախագահ Լավրենտի Միրզոյանը, բժշկագիտության դոկտոր Լիպարիտ Շուշանյանը մանրամասնությամբ ներկայացրին գրքի գեղարվեստական, պատմական, ժողովրդագրական, տոհմագրական, ազգագրական հանրագիտարանային արժեքը։
Ելույթ ունեցան արծվաշենցիներ գործարար Շուշան Ղուլյանը, երգչուհի, կոմպոզիտոր Տաթև Գրիգորյանը, պատմաբան Յուրա Ղուլյանը, Գարեգին Ղազարյանը,Գոհար Օհանյանը, Մաքսիմ Ազատյանը և այլք։ Նրանք իրենց խոսքում ամրագրեցին, որ Աշոտ Պետրոսյանի «Բաշքենդ - Արծվաշեն » գիրքը փաստավավերագրական իր ընդգրկումով և ծանրակշիռ արժեքով աներեր է պահում Արծվաշեն վերադառնալու հավաքական հավատը, ուստի արծվաշենցիների համար այն պիտի դառնա սեղանի գիրք։
Բանասիրական գիտությունների դոկտոր Մարգարիտա Խաչատրյանն իր ելույթում նշեց, որ Աշոտ Պետրոսյան գրողը գտնվում է ճշմարտության դաշտում․ նա անդրադարձավ հայ ազգային ինքնության, «թղթե հայրենիքի» կենսափիլիսոփայության վերանայման հույժ կարևոր հիմնախնդիրներին։
Միջոցառումը վարեց և գրքից հատվածներ ներկայացրեց դերասանուհի Գայանե Սամվելյանը։
Աշոտ Պետրոսյանը միջոցառման ավարտին շնորհակալության խոսք հղեց ելույթ ունեցողներին և Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանին։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են