Դավիթ Ավանեսյանի «Արծվազարդ երկինք» գրքի շնորհանդես


    Հունիսի 18-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում, տեղի ունեցավ արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ Ավանեսյանի «Արծվազարդ երկինք» գրքի շնորհանդեսը: Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը: Գրքում ներկայացված է 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախին պարտադրված 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետության ՊԲ զորամասերից մեկում ծառայություն իրականացրած Դավիթ Ավանեսյանի հույզերը, ապրումները, դժոխքի միջով անցած ճանապարհը, անմահացած ընկերների մասին հիշողությունները: «Պատերազմում զոհված բոլոր տղաներն արծվի նման բարձրացել են ամպերից էլ վեր և հսկում են մեզ երկնքից».- գրքի անվանումն այսպես մեկնաբանեց հեղինակը: Գրքից հատվածներ ընթերցեց դերասանուհի Գայանե Սամվելյանը, ներկաներից սրտի խոսք ասացին Դավիթի հորաքույրը՝ լրագրող, գրքի սրբագրիչ Մարինե Ավանեսյանը, Դավիթի ծառայակից ընկեր Տիգրան Հովակիմյանը, «Մայր Հայաստան» հասարակական շարժման ղեկավար, գրող, հրապարակախոս Ռուզան Ասատրյանը: Միջոցառման հյուն էր «Մշակութային Հայաստան» հիմնադրամի նախագահ, աստվածավաբան, պատմաբան, հայագետ Վահան- Գևորգ Գևորգյանը, ով Դավիթին շնորհեց «Սուրբ Վարդանի» անվան մեդալ: Միջոցառումն ամփոփվեց անմահացած հերոսներ Հարություն Հայկի Հովհաննիսյանի, Գագիկ Սուրենի Խաչատրյանի և Դանիել Արայի Դանիելյանի մասին ԿԳ-ի Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների բաժնի կողմից պատրաստված «Նվիրում» տեսանյութով:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են