Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ «ՎԱՀԱԳՆ» ռազմահայրենասիրական, բարեգործական կառույցի /հիմնադիր նախագահ՝ Կարապետ Կարապետյան/ «ԴԻՑԱՄԱՅՐ ԱՆԱՀԻՏ» ոսկե շքանշանի հանձնման հանդիսավոր արարողություն։
Հանդիսությունը բացեց գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ, «ՎԱՀԱԳՆ» ռազմահայրենասիրական, բարեգործական կառույցի համակիր Ռուզան Ասատրյանը, որն արժանացել է «ԴԻՑԱՄԱՅՐ ԱՆԱՀԻՏ» թիվ 1 ոսկե շքանշանին։ Նա բարձր գնահատեց այս կազմակերպության և նրա անխոնջ ղեկավար հարգարժան Կարապետ Կարապետյանի հայրենասիրական գործունեությունը։
Ռուզան Ասատրյանը գնահատանքի ջերմ խոսք ասաց ազգային ոգու, հայոց լեզվի և հայ մշակույթի մերօրյա նվիրյալ հայ կանանց ու մայրերի ազգանվեր գործունեության մասին։ Նա մասնավորապես շեշտեց մեր դժվար օրերում գիտական, լեզվամշակութային, ազգային-հայրենասիրական գործունեություն ծավալող, բազմամյա նվիրում և նշանակալի վաստակ ունեցող հայ կանանց դերը և <<ՎԱՀԱԳՆ>> ռազմահայրենասիրական, բարեգործական կառույցի կողմից «ԴԻՑԱՄԱՅՐ ԱՆԱՀԻՏ» ոսկե շքանշաններ հանձնեց Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանին, պատմաբան Անժելա Տերյանին և Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոնի նախագահ, բ.գ.թ. Նադյա Անտոնյանին՝ նրանց անվանելով հոգևոր հայրենիքի պահպանության յուրատեսակ <<մշակութային մահապարտներ>> ։
Հոգևոր հայրենիքի բացառիկ կարևորության, նրա պահպանության գործում յուրաքանչյուր հայի պարտականության մասին խոսք ասացին և իրենց երախտագիտությունը հայտնեցին Հասմիկ Կարապետյանը, Անժելա Տերյանը և Նադյա Անտոնյանը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են