«Երևան՝ երազանքների քաղաք» փառատոնը ծառայեց իր նպատակներին


    Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Երևանի քաղաքապետարանի Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հարթակում տեղի ունեցավ «Երևան՝ երազանքների քաղաք» փառատոնի հանդիսավոր բացումը, որն օրհնանքի խոսքով օծեց տեր Շահե քահանա Հայրապետյանը:
Ողջույնի և շնորհավորանքի խոսք հղեցին փառատոնի կազմակերպիչները՝Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը, «Մայր Հայաստան» հասարակական շարժման ղեկավար, գրող, հրապարակախոս Ռուզան Ասատրյանը, «Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի» նախագահ Մարիամ Մանուկյանը:
Ելույթ ունեցան և երեխաներին տոնական բարեմաղթանքներ հղեցին Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի մշակութային կապերի և միջոցառումների պատասխանատու Նառա Սարգսյանը, մերօրյա քաջարի, հերոս զինվորներ Աշոտ Բուդաղյանը, Մեսրոպ Սարիբեկյանը, «Նատալյա Ռոտեմբերգ» հիմնադրամի նախագահ Նատալյա Ռոտեմբերգը, ամերիկահայ հասարակական գործիչ Մալվինա Մխչյանը, հասարակական գործիչ, երգչուհի Անահիտ Սահակյանը, Անժելա Ստեփանյանը:
Հայաստանի, ինչպես նաև մարզերից, Արցախից, Մոսկվայից ժամանած բազմաթիվ շնորհալի երեխաների, մանկական թատերական, պարային խմբերի և երգչախմբերի /ղեկ.՝ Արման Ղուկասյան, «Բեմել «Ս», տնօրեն՝ Սարգիս Նիկողոսյան.../, վառ ու գունագեղ կատարումները ժպիտներ և խնդություն պարգևեցին մանուկներին: Իսահակյան գրադարանում և բոլոր մասնաճյուղերում ամբողջ օրը շարունակվեցին տոնական բազմաթիվ միջոցառումներ` օրը դարձնելով հոգեբուխ տոն և ջերմ հեքիաթ: Իրականացված բազմաբովանդակ ծրագրերը՝ գրքերի և նկարների ցուցահանդեսները, ինքնատիպ համերգները, գեղանկարչական և երաժշտական արարումները, մանկագիրների հետ հանդիպումները և բարձրաձայն ընթերցումները, ստեղծել էին,հիրավի, տոնական, խանդավառ տրամադրություն: Մարդկային երջանկության ու բերկրանքի, խաղաղասիրությանու հայրենասիրության, ազգային և համամարդկային բարձր արժեքների թեմաներով մանկական ֆիլմերիցուցադրությունները, գրական-երաժշտական ցերեկույթները, արվեստագետների հետ հանդիպումները, շրջայցերը երեխաներին մտովի տեղափոխեցին հեքիաթային երազանքների ու գեղեցիկի, սիրո և բարու հրաշք աշխարհ:
Երեխաներին հանձվեցին պատվոգրեր, շնորհակալագրեր և նվերներ: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակում կազմակերպված «Երազանքների քաղաք» փառատոնը դրական լիցքերով ջերմացրեց, զորացրեց մանկական հոգիները ևամրապնդեց նրանց հավատը Հայրենիքի և ապագայի հանդեպ:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են