Գրքի շնորհանդես նվիրված հայ կինոռեժիսոր, սցենարիստ Ֆրունզե Դովլաթյանին


    Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ «Ձնհալի ավարտին» գրքի շնորհանդեսը՝ նվիրված հայ կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ֆրունզե Դովլաթյանին։
Գրքի համահեղինակներն են ռուս լրագրող, գրող, հասարակական գործիչ, Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի Քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Վալերիա Օլյունինան և ճարտարապետ, լրագրող, նկարիչ, դիզայներ, կինոքննադատ Պավել Ջանգիրովը:
Միջոցառումը շնորհավորանքի, մեծարանքի և երախտագիտության ջերմ խոսքով բացեց «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ ՀՈԱԿ»-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը՝ մեկ անգամ ևս շեշտելով Ֆրունզե Դովլաթյանի վիթխարի ներդրումը հայ կինեմատոգրաֆիայի զարգացման գործում: Տիկին Կարապետյանը բարձր գնահատեց ժամանակի հոլովույթում Դովլաթյան արվեստագետի հզոր տաղանդի և ստեղծագործական հարուստ ժառանգության մնայուն տեղը, ինչպես նաև Դովլաթյան մարդու առինքնող կերպարը:
Շնորհավորանքի հոգեբուխ խոսք ասաց և միջոցառումը վարեց «Ռուսական կենտրոն» բաժնի վարիչ Լիլիթ Կարապետյանը:
Ռեժիսոր, Ֆրունզե Դովլաթյանի որդի Միքայել Դովլաթյանը, ՀԳԱԱ-ի արևելագիտության ինստիտուտի պրոֆեսոր Վիկտորյա Առակելովան, քաղաքագետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Ղարիբ Բաբայանը, Մհեր Ղուշյանը, դերասանուհի Արսինե Նավասարդյանը բարձր գնահատությամբ, հետաքրքիր փաստերով և հուշերով ամբողջացրին Ֆրունզե Դովլաթյանի մասնագիտական նվիրումի, գեղագիտական-փիլիսոփայական ինքնատիպ հավատամքի, ստեղծագործական բարձրարժեք ու բազմահարուստ արարումների, ինչպես նաև առաքինի, ազնվական կերպարի տիտանական դիմապատկերը՝ ոչ թե ժամանակից դուրս, այլ ժամանակից վեր:
Այս գիրքը, հիրավի, կրկնարժևորում է հայ կինեմատոգրաֆիայի պատմության Դովլաթյանական դարագլուխը։
Վալերիա Օլյունինան և Պավել Ջանգիրովը Ֆրունզե Դովլաթյանի մասին փաստավավերագրական բացառիկ արժեքավոր տեղեկույթ փոխանցեցին ունկնդիրներին՝ յուրովի ամրապնդելով Դովլաթյանի անժամկետ տեղը կինեմատոգրաֆիայի պատմության մեջ: Նրանք խորին երախտագիտություն հայտնեցին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ տիկին Հասմիկ Կարապետյանին և միջոցառման մասնակիցներին:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են