«ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ՔԱՂԱՔ» ՓԱՌԱՏՈՆ-ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔ


    Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ մամլո ասուլիս՝ նվիրված «ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ՔԱՂԱՔ» ՓԱՌԱՏՈՆ-ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔ ծրագրին։
Նախաձեռնության կազմակերպիչներն են Երևանի քաղաքապետարանի Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանը /տնօրեն՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյան/, «Մայր Հայաստան» քաղաքացիական շարժումը /ղեկավար՝ գրող, հրապարակախոս Ռուզան Ասատրյան/ և «Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը» /նախագահ՝ Մարիամ Մանուկյան/։ Միջոցառումը բացեց տիկին Ռուզան Ասատրյանը։ Նա շեշտեց, որ ծրագիրը կազմակերպվում է «Երեխաների պաշտպանության միջազգային օրվա» շրջանակում և նպատակ ունի նպաստել Հայաստանի և Արցախի երեխաների հոգևոր վերելքին, նրանց մեջ ապագայի հանդեպ հավատի, ոգու զորացմանը ։
Տիկին Հասմիկ Կարապետյանը մանրակրկիտ ներկայացրեց հունիսի 1-ին կազմակերպվելիք տոնական բազմաբնույթ միջոցառումները՝ համերգներ, ցուցահանդես-տոնավաճառներ, որոնց հասույթները կտրամադրվեն Արցախյան 44-օրյա պատերազմի վիրավոր զինվորների առողջության վերականգնման կենտրոններին և Արցախից բռնագաղթված ընտանիքների երեխաներին՝ «Երեխաները՝ հանուն խաղաղության» կոչով։ Գրադարանի տնօրենն իր խոսքում կարևորեց միացյալ ծրագրի բարոյական-հոգեբանական ուղերձը. «Հայրենաշինության գործընթացում բարձրացնել հայ կնոջ, հայ մոր գորովագութ, հեղինակավոր ձայնը և դերակատարությունը…Երևանը դարձնել երազանքների իրականացման քաղաք, մեր սրբազան Հայաստան հայրենիքը՝ երազանքների իրականացման երջանիկ դրախտավայր… Քանզի «Մեր ժողովրդի հավերժությանը չհավատալու իրավունք չունեն…» /ըստ Ս. Կապուտիկյանի/»։
«Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի» նախագահ Մարիամ Մանուկյանն իր ելույթում ամփոփեց կազմակերպության կատարած բարեգործական-հայրենասիրական ծրագրերը և մասնավորապես շեշտադրեց «Երազանքների քաղաք» փառատոնին գործարարների, արվեստագետների, յուրաքանչյուր հայի մասնակցության կարևորությունը։
Նշվեց, որ փառատոնին կհրավիրվեն նաև ՀՀ-ում հավատարմագրված օտար երկրների դեսպաններ, պետական, քաղաքական և մշակութային գործիչներ, հյուրեր՝ տարբեր ոլորտներից։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են