Հովհաննես Պապիկյանի «Իմ Արտիստը» գրքի շնորհանդես


    Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ գրող, հրապարակախոս Հովհաննես Պապիկյանի «Իմ Արտիստը» գրքի շնորհանդեսը, որը բացեց հեղինակը:
Ցուցադրվեց «Իմ Արտիստը» ֆիլմից հատված. այն ջերմ անդրադարձ էր Ֆրունզիկ Մկրտչյան Մարդու և Արտիստի դրամատիկ կերպարին:
Գրքի ստեղծման պատմությունից տպավորիչ դրվագներ ներկայացրեց լրագրող, գրքի խմբագիր Շուշանիկ Սահակյանը:
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը, Խաչիկ Շառոյանը հետաքրքիր հուշեր պատմեցին մեծ Արվեստագետի, մեծ Մարդու՝Ֆրունզիկ Մկրտչյանի տաղանդի և ինքնատիպ, ընդգրկուն ներաշխարհի մասին:
Դերասանուհիներ Մայրանուշ Գրիգորյանը և Գայանե Սամվելյանը գրքից ընթերցեցին հատվածներ, որոնք նորովի շեշտադրեցին Ֆրունզիկ Մկրտչյանի գեղարվեստական, փիլիսոփայական և մարդկային ընկալումների խորքային անսահմանությունը: Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Ռուզաննա Բարսեղյանը շնորհավորանքի և շնորհակալության ջերմ խոսք ասաց և frunzik.com կայքէջի կողմից պատվոգրեր հանձնեց <<Իմ Արտիստը>> ֆիլմի հեղինակներ Հովհաննես Պապիկյանին և Շուշանիկ Սահակյանին:
Միջոցառման ավարտին Հովհաննես Պապիկյանը երախտագիտության խոսք հղեց գրքի տպագրության հովանավոր Լարիսա Չիլինգարյանին, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանին և միջոցառման բոլոր մասնակիցներին:
Հանդիսությունը վարեց Գայանե Սամվելյանը:
Հյուրերը, գրադարանի ընթերցողները մեծ հաճույքով վայելեցին Ֆրունզիկ Մկրտչյանի բարձր արվեստի շունչը և հոգեսուն ու ջերմ <<ներկայությունը>>:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են