Հանդիպում Արևշատ Ավագյանի հետ և նրա «Հայրենատների մոլորակը» և «Տարերքների տարերգը» գրքերի շնորհանդես


    Ապրիլի 12-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում, «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակում, տեղի ունեցավ բանաստեղծ, հրապարակախոս,գեղանկարիչ, թարգմանիչ, «Մշակույթի հայկական ֆոնդի» նախագահ Արևշատ Ավագյանի «Հայրենատների մոլորակը» և «Տարերքների տարերգը» գրքերի շնորհանդեսը:
Միջոցառումը բացեց և վարեց դերասանուհի Գայանե Սամվելյանը։ Ներկայացված գրքերից բանաստեղծական նմուշներ ընթերցեցին Գայանե Սամվելյանը և ասմունքող Աիդա Ասատուրյանը։
Ելույթ ունեցան և շնորհավորանքի խոսք հղեցին բանաստեղծ, նկարիչ, Հայաստանի գրողների միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էդվարդ Միլիտոնյանը, Մամիկոն Հովհաննիսյանը, բանաստեղծներ Թադևոս Տոնոյանը, Արտավազդ Նազարյանը, Աիդա Ավդալյանը։ Նրանք անդրադարձան Արևշատ Ավագյանի պոեզիայի բանաստեղծական արվեստի առանձնահատկություններին, գեղագիտական գունեղ համակարգին և համահայկական խոհափիլիսոփայական արծարծումներին։ Հայաստանում վրացական համայնքի ներկայացուցիչ Նինո Սպանդերաշվիլին իր խոսքում կարևորեց Արևշատ Ավագյանի պոեզիայի դերը հայ-վրացական բարեկամության գործում։ Նա բանաստեղծին հանձնեց Իլյա Ճավճավաձեի անվան մրցույթի «Իվերիա» մրցանակը՝ Արևշատ Ավագյանի գրքերի բարձրարվեստ գեղանկարչական ձևավորման համար։
Երգիչ, երգահան Արսեն Համբարյանը հանդես եկավ Արևշատ Ավագյանի խոսքերի հիման վրա ստեղծված հեղինակային երգերի կատարումներով։
Ներկայացված էր Արևշատ Ավագյանի գրքերի ցուցահանդեսը։
«Մշակույթի հայկական ֆոնդի» անդամ Նարեկ Պապոնց-Առաքելյանն ընթերցեց Արևշատ Ավագյանին նվիրված իր բանաստեղծական հանկարծազեղումը։
Միջոցառման ավարտին Արևշատ Ավագյանը խորին երախտագիտություն հայտնեց մասնակիցներին, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանին և տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանին։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են