Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ «Լախտի կամ Տեղխլուկ» գիտահանրամատչելի ֆիլմի քննարկում-սեմինարը:
Ֆիլմի հեղինակներ Նիկոլայ Դավթյանը և Վազգեն Գևորգյանը գիտական հիմնարար հենքով, փաստավավերագրական տիեզերագիտական խոր վերլուծություններով ներկայացրին ազգային արժեքների ու արժեհամակարգի, տոհմիկ մշակույթի անփոխարինելի դերը ազգի հարատևման գոյընթացում:
Ֆիլմում ներկայացված գիտատեսական և գիտագործնական ծանրակշիռ և հետաքրքրական փաստարկները հավաստեցին, որ անհատների, ազգերի և պետությունների ճակատագրերի, զարգացումների գործընթացում անժխտելի դերակատարություն ունեն տիեզերքի գիտական լիածավալ ուսումնասիրությունը և ճանաչողությունը:
Ֆիլմի հեղինակները հույժ անհրաժեշտ են համարում մեր նախնիների կողմից արարված տիեզերագիտության, գենետիկ հիշողության, ազգային կոդավորումների, հազարամյակների հայ ազգային կենսատեղեկույթի և կենսաուժի, Հայկյան գիտակցականություն-ուսմունքի ու տոմարագիտության, աստղագիտական բազայի բացահայտումների վերազարթոնքի կազմակերպումը։ Նրանք վստահություն հայտնեցին, որ դա կնպաստի հայ ազգի և հայոց պետության անխաթար, բնականոն պատմական զարգացմանը և հարատևմանը:
Հետաքրքիր և գործուն հարցուպատասխան տեղի ունեցավ քննարկում-սեմինարի մասնակիցների և «Լախտի կամ Տեղխլուկ» ֆիլմի հեղինակների միջև։
Միջոցառման ավարտին գնահատանքի խոսք ասաց Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը։ Նա բարձր գնահատեց սույն ֆիլմի ստեղծման փաստը։ Տիկին Կարապետյանը հույժ կարևորեց ազգային արժեհամակարգի և հայոց զտարյուն-տոհմիկ մշակութային քաղաքակրթության վերազարթոնքը, ինչպես նաև հայ գիտամշակութային բազմադարյան ժառանգության գործուն հանրահռչակման և կիրարկման դերակատարությունը մեր ժողովրդի պատմական ճակատագրում։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են