«Ճանաչենք մեր Մեծերին – Ավետիք Իսահակյան» խաղ-մրցույթի երկրորդ փուլ


    Ավ․ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում «Մանկապատանեկան գրքի և երաժշտության օրեր» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ «Ճանաչենք մեր Մեծերին – Ավետիք Իսահակյան» խաղ-մրցույթի երկրորդ փուլը, որին մասնակցեցին «Ավետիք Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի մանկական գրականության բաժնի «Լիլիթ», թիվ 15 գ/մ-ի «Բինգյոլ», թիվ 27գ/մ-ի «Սասմա ծռեր», թիվ 29 գ/մ-ի «Զորյանականներ», Տեխնիկակական գրականության բաժնի «Արևներ» թիմերը։ Խաղ-մրցույթի հանձնախմբի նախագահը՝ Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Ռուզաննա Մեսրոպյանը, ուրախությամբ հայտարարեց, որ բոլոր թիմերը հիացրին իրենց գրագետ ու լիարժեք պատասխաններով։
Խաղ-մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցելու շեմը հաղթահարեցին «Զորյանականներ» և «Բինգյոլ» թիմերը։
«Լիլիթ», «Սասմա ծռեր» թիմերը պարգևատրվեցին մրցույթի հավաստագրերով։
Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի լեցուն դահլիճի մթնոլորտն էլ ավելի ջերմացավ պատանի ընթերցողների՝ Իսահակյանական ուղենշային , հանճարեղ մարգարիտների երգային և ասմունքային կատարումների հոգեբուխ ոգեղենությամբ:
Միջոցառման մասնակիցների լուսաշող աչքերը, թեժ խանդավառությունը և ոգեշունչ տրամադրությունը վկայեցին՝ Մեծն Իսահակյանի «հրեղեն խոսքը» հաղթեց մերօրյա «ոգու սովի» տագնապներին։ Գյուլնազարյանի անվան թիվ 15 գ/մ-ի «Բինգյոլ», թիվ 29 գ/մ-ի «Զորյանականներ», տեխնիկական գրականության բաժնի «Արևներ» թիմերը մարտի 30 –ին՝ ժամը 14։00- ին, Երևանի Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում կմասնակցեն «Ճանաչենք մեր մեծերին - Ավետիք Իսահակյան» խաղ-մրցույթի եզրափակիչ փուլին ։
Ուրեմն՝ ծրագրային հերթական միջոցառումը ծառայեց իր նպատակին՝ ճանաչել, հանրայնացնել, մատաղ սերնդին փոխանցել մեր Մեծերի իմաստությունը, տոհմիկ իմաստասիրությունը և ազգապահպան Բանքն ու Վարքը: Միջոցառումը վարեց դերասանուհի Գայանե Սամվելյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են