Խաղ- մրցույթի առաջին փուլ


    Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում «Մանկապատանեկան գրքի և երաժշտության օրեր» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ «Ճանաչենք մեր Մեծերին - Ավետիք Իսահակյան» խաղ-մրցույթի առաջին փուլը, որին մասնակցեցին «Ավետիք Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի Ջ. Բայրոնի անվան արվեստի գրականության բաժնի «Իմ Նիրվանա» , Ս.Վահունու անվան թիվ 28գ/մ –ի «Վարպետ», Լ. Մոտալովայի անվան թիվ 33 գ/մ – ի «Արփի» թիմերը։ Միջոցառումը վարեց, խաղ-մրցույթի կանոնադրությունը և մասնագիտական հանձնախմբի կազմը ներկայացրեց դերասանուհի Գայանե Սամվելյանը։ Խաղ-մրցույթի հանձնախմբի նախագահն էր Երևանի Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Ռուզաննա Մեսրոպյանը։ Մասնակից բոլոր թիմերը նախապատրաստվել էին բարձր մակարդակով։ Գրադարանի լուսավոր դահլիճում թևածում էին Իսահակյանական հզոր և հայրենաշունչ պոեզիայի բարձրագնա շունչն ու մոգությունը,Վարպետի կենսագրության ուսանելի անցքերի կրթադաստիարակչական պատումները։ Հիրավի, ոգեշնչող էր պատանի ընթերցողների, նոր սերնդի պայծառ և համարձակ բարոյահոգեբանական կեցվածքը մեր Մեծերի կենարար պատգամների, փիլիսոփայական ուղերձների բացահայտման և հայրենաճանաչության անդաստանում։ Խաղ- մրցույթի առաջին փուլը հաղթահարեցին և մրցույթի երկրորդ փուլ անցան «Իմ Նիրվանա» և «Արփի» թիմերը։«Վարպետ» թիմն արժանացավ խաղ-մրցույթի առաջին փուլի մասնակցության հավաստագրին։ Խաղ-մրցույթին մասնակից պատանի ընթերցողների բարձր պատրաստվածությունը և ոգեղեն խանդավառությունը մեկ անգամ ևս հավաստեցին ծրագրային սույն միջոցառման արդյունավետությունը սերունդների հայրենասիրական և քաղաքացիական դաստիարակության գործընթացում։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են