<<Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ>>


    Փետրվարի 24-ին <<Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ>> ծրագրի շրջանակներում Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ում տեղի ունեցավ Գևորգ Հալաջյանի <<ԴԷՊԻ ԿԱԽԱՂԱՆ>> գրքի շնորհանդեսը: Գիրքը կենսագրական է. ներկայացնում է հեղինակի բանտային օրագրից հատվածներ՝ գրված 1925-28թթ Թուրքիայի բանտերում: Գրքի բնօրինակը ծավալուն է, շուրջ 900 էջ, սակայն քաղաքական ուսումնասիրությունների հիմնադրամի <<Վերելք>> ակումբն ընտրել և առանձնացրել է այն հատվածները, որոնք առավելապես են բնորոշ հեղինակին և տեղեկատվություն են տալիս այդ ժամանակների մասին: Բացման խոսքով հանդես եկավ <<Ավ. Իսահակյանի անվան ԿԳ>> ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը: Նա ևս մեկ անգամ շեշտեց, թե այսօր որքան կարևոր է հատկապես ցեղասպանությանը վերաբերող գրականությունը թարգմանել և հասու դարձնել աշխարհի ժողովուրդներին և ուրախությամբ նշեց, որ << ԴԷՊԻ ԿԱԽԱՂԱՆ>>-ը լույս է ընծայվելու նաև թուրքերեն լեզվով: Գրքի բանախոս, ազատամարտիկ, հրապարակախոս Սարգիս Հացպանյանը վավերագրական փաստաթղթերի և լուսանկարների միջոցով հանդիսատեսին ծանոթացրեց Գևորգ Հալաջյանի կյանքի և գործունեությանը վերաբերող դրվագների հետ, որոնք տեղ չեն գտել գրքում: Այլ հետաքրքրական մանրամասներ ներկայացրեցին և իրենց կարծիքները հայտնեցին գրքի խմբագիր, <<Վերելք>> քաղաքական ուսումնասիրությունների հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, Հայ- ռուսական (սլավոնական) համալսարանի դասախոս Մարգարիտա Խաչատրյանը, պատմաբան Գևորգ Յազըճյանը, բանասեր Միքայել Հայրապետյանը և այլոք: Ցերեկոյի հանդիսավար, դերասանուհի, ասմունքող Գայանե Սամվելյանը հիշատակման արժանի մի քանի հատվածներ ընթերցեց գրքից: Գևորգ Հալաջյանի օրինակը ևս մեկ անգամ փաստեց, որ հայ ազգի գենը եղել է և կլինի հերոսածին: Հուսանք, որ պատմությունն ու ժամանակը ի հայտ կբերեն նոր հերոսների, ովքեր բարձր ու անաղարտ կպահեն հայու ոգին:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են