Էդ. Խաչիկյանի<<Եվ արևը մայր մտավ լուսաբացին...>> գրքի շնորհանդեսը


    Օսմանյան կայսրության ՝ հայերի դեմ իրականացրած ցեղասպանությունից անցել է 100 տարի: Այսօր այդ արհավիրքը իրենց մաշկի վրա զգացած հայերը իրենց ապաստարանն են գտել երկնքում: Սակայն նրանցից յուրաքանչյուրի կյանքի դաժան պատմությունը չսպիացող վերքի նման տանջում ու ցավ է պատճառում նրանց հետնորդներին՝ մեզ: Նրանց հոգիներին հանգստություն պատճառելու և աշխարհին ցեղասպանությունը ճանաչել տալու համար մենք այսօր էլ <<Հիշում ու պահանջում ենք>> Թուրքիայից ճանաչել իր գործած հանցանքը : <<Մեծ Եղեռնի 100-ամյակին ընդառաջ>> ծրագրի շրջանակներում փետրվարի 20-ին Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ում տեղի ունեցավ պետական և քաղաքական գործիչ, արձակագիր, հրապարակախոս Էդուարդ Խաչիկյանի <<Եվ արևը մայր մտավ լուսաբացին…>> գրքի շնորհանդեսը: Գիրքը նվիրված է Շապին-Գարահիսարի հերոսամարտին: Շնորհանդեսին ներկա էին ԵՊՀ Հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաքապետոյանը, Հայաստանի գրողների միության նախագահ, բանաստեղծ Էդուարդ Միլիտոնյանը, մանկավարժ, Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացի Սուրեն Սարգսյանը, բանաստեղծ Ռաֆայել Սահակյանը, բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտեմ Հարությունյանը, ՀՀ գերագույն խորհրդի նախագահության անդամ, պաշպանության և ներքին գործերի հարցերի հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարարության վերահսկիչ վարչության պետի տեղակալ, պահեստազորի գնդապետ Գևորգ Բաղդասարյանը, արձակագիր Ալիս Հովհաննիսյանը և այլոք: ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի տնօրեն Հասմիկ Կարապետյանը իր խոսքում նշեց, թե որքան կարևոր է այսօր ցեղասպանության թեմայով գրված գրքերի թարգմանությունը տարբեր լեզուներով, քանի որ հենց այս ստեղծագործությունների միջոցով են օտարները ծանոթանում Թուրքիայի պատմության մութ էջերի հետ: Հանդիսությունը իր ելույթով եզրափակեց գրքի հեղինակը, ով ներկայացրեց իր ապագա գրական ծրագրերը : Նա շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր աջակցել են գրքի լույս ընծայմանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են