Ցերեկույթ <<Կոմիտասյան մեղեդիներ>>


   Նոյեմբերի 28-ին <<Ավ. Իսահակյանի անվան ԿԳ>>-ն հարգանքի տուրք էր մատուցում մեծն Կոմիտաս վարդապետին: <<Կոմիտասյան մեղեդիներ>> խորագիրը կրող ցերեկույթի շրջանակներում Կոմիտասի անգնահատելի աշխատանքի կարևորությունը հանդիսատեսին ներկայացրեց բանախոս,արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանը: Պարոն Նավոյանը նշեց, թե, հատկապես հիմա, ինչքան կարևոր է, որ հայ ազգը հիշի և գնահատի մեծ վարպետի աշխատանքները և դրանց միջոցով այս խառնաշփոթ աշխարհում չկորցնի իր դեմքը: Ցերեկույթի հաղորդավար, դերասանուհի, ասմունքող Գայանե Սամվելյանը ժամանակ առ ժամանակ ընդմիջում էր ցերեկույթը Կոմիտասին նվիրված բանաստեղծությունների ընթերցանությամբ: Դժվար է պատկերացնել Կոմիտասին նվիրված ցերեկույթ՝ առանց սիրված կոմիտասյան կատարումների: ՀՀ վաստակավոր արտիստուհի, Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար, սոպրանո Մագդա Մկրտչյանը և երգիչ, տենոր Պողոս Եղիազարյանցը կատարեցին Կոմիտասի անմեռ մշակումներից մի քանիսը: Մեծ բավականություն ստացած հանդիսատեսը պատրաստվեց տեսնել մյուս անակնկալը: Նրա դատին ներկայացվեց ռեժիսոր, օպերատոր, լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի «Գութաներգ» ֆիլմը:
Հոգևոր սննդի մեծ չափաբաժին ստացած՝ հանդիսատեսը դուրս եկավ դահլիճից:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են